60-80 սմ բարձրությամբ բազմամյա գեղազարդային բույս է։ Տերևները կոթունավոր են, ձվաձև երկարավուն, աղեղնաեզր, սրտաձև հիմքով։ Ընդհանուր ծաղկաբույլը նեղ է, համարյա գլանաձև հասկանման, բազմաթիվ ծաղիկների միմյանց շատ մոտեցած օղակներով։ Բաժակը համարյա երկշուրթ է, վերին շուրթն ունի լայն, ձվաձև է միջին ատամիկ։ Պսակը մուգ ծիրանագույն է, հնգատամ, թվում է միաշուրթ է, քանի որ վերին շուրթը ճեղքված է, մինչև հիմքը և դրա բլթակները մոտեցած են ստորին շուրթին։ Պտուղը կազմված է 4 մասերից՝ հակաձվաձև էրեմներից[1]։
Աճում է ներքին և միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1800 մ բարձրությունների վրա, անտառներում, անտառի եզրերին, բացատներում, թփուտներում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին[1]։
Խոցելի տեսակ է։ Տեսակի համաշխարհային մասշտաբով լայն տարածման պատճառով կատեգորիան իջեցվել է մեկ աստիճանով։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ² -ից պակաս է։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում։